Գյումրի-Երևան ճանապարհին օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի հարազատներն անհապաղ միջոցի խնդրագրով դիմել են ՄԻԵԴ, որպեսզի հնարավոր լինի աղջկա դին տեղափոխել Արցախ։ Այս մասին հայտնել է Հելեն Դադայանի ընտանիքի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավապաշտպանը ասել է, եր եթե դատարանը բավարարի դիմումը, ապա Ադրբեջանից նախ կպահանջի տեղեկատվություն դիակի տեղափոխման գործընթացի հնարավոր խոչընդոտների ու վերլուծումների վերաբերյալ և երկրորդ` կարող է նաև Ադրբեջանից պահանջել ապահովել դիակի տեղափոխումը դեպի Արցախի Հանրապետություն։
Իրավապաշտպանը նաև նշեց, որ Հելեն Դադայանի դիի տեղափոխման գործի հետ կապված դատարանը միանշանակ ընդունում է, որ ընտանիքի, անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում կա, քանի որ ընտանիքը զրկված է դին հուղարկավորելու հնարավորություննից, բայց դրական արդյունքը երաշխավորված չէ։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը քաղաքական պահանջներ է դնում քաղաքացու իրավունքների ապահովման համար․
«Մասնավորապես` պահանջում է փաստաթղթեր, որտեղ տեղանունները պետք է մատնանշվեն ոչ թե հայկական, այլ ադրբեջանական անուններով, կամ Արցախի Հանրապետության փոխարեն գրված լինի Ադրբեջանի Հանրապետություն։ Շահարկվում են միջպետական բնույյթ ունեցող քաղաքական հարցադրումներ և քաղաքացու վրա դրվում է բեռ` տրամադրելու այնպիսի փաստաթղթեր, որոնք զուտ քաղաքական հարցերի են առնչվում ու որևէ կերպ կապված չեն մարդու իրավունքների իրականացման հետ»,- ասաց նա։
Ավելի վաղ աղջկա հարզատներն այդ հարցով դիմել էին նաև Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին։